Լոռու մարզում այսօր՝ ապրիլի 5-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել. Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել տնօրենի նշանակումը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները նշել են. «Տնօրենի մրցույթ էր հայտարարվել, քանի որ նախկին տնօրենը թոշակի էր գնացել, Կարինե Մարգարյանն ու Մարիետա Հարությունյանը հավաքել էին 3 եւ 4-ական միավոր, վերջինս, ով դպրոցի երկար տարվա փոխտնօրենն է, հավաքել է 4, մյուս թեկնածուն՝ Կարինե Մարգարյանը, հավաքել է 3 միավոր։ Գործերն ուղարկվել էին կառավարություն՝ ՀՀ փոխվարչապետին, ով էլ տնօրեն է նշանակել Կարինե Մարգարյանին, ով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մտերիմն է:

Մենք պահանջում ենք, որ տնօրեն դառնա ոչ միայն մեր փոխտնօրենը, այլ նաեւ արդարությունը հաղթի, քանի որ Մարիետա Հարությունյանն ավելի շատ ձայն է հավաքել, ու երեւի Լոռու մարզպետն այնքան թույլ է մաթեմատիկայից, որ չգիտի, որ 4-ը մեծ է 3-ից»:

Դպրոց են ժամանել մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողները:

Աշակերտները վանկարկում էին «Հարությունյան՝ տնօրեն», ինչպես նաեւ ասում էին, որ շարունակելու են դասադուլ անել այնքան ժամանակ, մինչեւ որ արդարությունը կհաղթի, ու որ վերջապես Լոռու մարզպետը կհասկանա, որ սա իր ատամնաբուժարանը չէ, որտեղ կարող է իր ծանոթներին գործի տեղավորել։

«Մարզպետի օգնականը եղել է հանձնաժողովի մեջ, որն անթույլատրելի է օրենքով ու, բնականաբար, այսպիսի «արդյունք» է ստացվել: Երկար քննարկումներից հետո մի պահ դուրս եկավ Մարիետտա Հարությունյանն ու աշակերտներին հորդորեց չաղմկել»,- նշել են նրանք: