ՊՆ նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը, որը երեք օր առաջ հացադուլ էր հայտարարել ՊՆ կենտրոնական մասնաշենքի դիմաց, քիչ առաջ դադարեցրել է հացադուլը եւ վերադարձել տուն։

«Արդեն տուն եմ վերադարձել, ինձ Պաշտպանության նախարարությունից խոստացել են, որ երկուշաբթի իմ բոլոր հարցերը կկարգավորվի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։

Զինծառայողը պատմեց որ արդեն 7-8 տարի է ընկած խնդրում է իր առողջական հարցերին լուծում տրվի. «Իրենք են ինձ դարձրել հաշմանդամ, ինձ ասում էին, որ ինձանից է, սակայն ես համապատասխան փաստաթուղթ ունեմ, որ բժշկի մեղավորությունն է»։

Դավիթ Հակոբյանը պատմեց, որ 2012-ին փորացավեր է ունեցել, դիմել է Մուրացանի հոսպիտալ, ու այլևս ոչինչ չի հիշում, այնտեղ նա մեկ շաբաթում երկու վիրահատություն է  տարել, հետո ընկել է կոմայի մեջ, իսկ մեկ ու կես տարի գամված է եղել սայլակին։

Կա փաստաթուղթ, որ նա հիվանդությունները ձեռք է բերել ծառայության ընթացքում:

«Հիմա էլ շատ վատ եմ զգում»,– ասաց նա և հավելեց, որ եթե երկուշաբթի իր խնդիրներին լուծում չտրվի, ապա պատրաստ է կրկին հացադուլ հայտարարել։

Նախկին զինծառայողը պահանջում է, որ իրեն ուղարկեն Գերմանիա բուժման:

Այս խնդրին Facebook-ի իր էջում անդրադարձել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Դավիթ Հակոբյանի հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս, ուստի նա չի կարող օգտվել արտերկրում բուժման իրավունքից:

Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրել է թե ինչպես է խնդիրը առաջացել, ինչպիսի հիվանդություններ են առաջ եկել, ինչ վիրահատություններ են արվել, ինչ բուժումներ են կատարվել: Նաեւ թե որքան պարբերականությամբ եւ որքան ֆինանսական օժանդակություն է հատկացվել նախկին զինծառայողին: