ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում հրապարակել է իշխանություններին ուղղված պահանջներ, որոնցից մեկը վերաբերում է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման մասին ընդունված «չարաբաստիկ» որոշումները չեղյալ հայտարարելուն:
ՀԱԿ-ի այս առաջարկությունը բավական անսպասելի է, հաշվի առնելով այն, որ փետրվարի 28-ին հրավիրած ասուլիսում ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն ասել էր, թե 2011 թ. հունվարին 7,7 տոկոս տնտեսական աճի 5 տոկոսը տեղի է ունեցել շնորհիվ ԱՊՊԱ-ի։ Այս տրամաբանության շրջանակներում ԱՊՊԱ-ի կասեցումը նշանակում է նաեւ տնտեսական աճի կասեցում։
Նշենք, որ ԱՊՊԱ-ի նախապատրաստական փուլում ՀԱԿ-ը երբեւէ հանդես չի եկել ԱՊՊԱ-ից հրաժարման պահանջով։ Այդպիսի պահանջ ներկայացրել է մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Ժառանգությունը»։ Նրանք նույնիսկ ավտոերթ են անցկացրել ընդդեմ ԱՊՊԱ-ի, ու օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել ԱՊՊԱ-ի օրենքները չեղյալ համարելու մասին։ Այդ նախաձեռնությունները վարչապետ Տիգրան Սարգսյանն անվանել է «անհեթեթություն»։ Հայտնի չէ թեկուզ մեկ հայտարարություն, որով ՀԱԿ-ը աջակցություն հայտներ «Ժառանգության» նախաձեռնություններին։
Ընդհակառակը՝ ՀԱԿ-ը միշտ էլ հանդես է եկել ապահովագրական շուկայի զարգացման օգտին, այդ թվում՝ պարտադիր ապահովագրության։ Այսպես՝ «100 քայլ» ծրագրում նշվել է, որ պետք է համակողմանիորեն զարգացնել ապահովագրական շուկան, իսկ 2015 թ. ապահովագրական ընկերությունների ակտիվները հասցնել ՀՆԱ-ի 50 տոկոսին։ Որեւէ մեկը չի կարող ապացուցել, որ առանց պարտադիր ապահովագրության զարգացման հնարավոր է նման արդյունքների հասնել։
Իսկ «Առողջության պահպանման քաղաքականություն» ծրագրում ՀԱԿ-ը նույնիսկ առաջարկում է մտցնել պարտադիր բժշկական ապահովագրություն; Պարտադիր ապահովագրության տեսանկյունից բժշկական ապահովագրությունը շատ ավելի ռադիկալ քայլ է, քան ավտոապահովագրությունը։
Անշուշտ՝ կարելի է սկզբունքորեն համաձայն լինել որեւէ գաղափարի, սակայն անընդունելի համարել իրականացման մեխանիզմները։ Սակայն ԱՊՊԱ-ի նախապատրաստման եւ ներդրման ողջ ընթացքում ՀԱԿ-ի կողմից որեւէ լուրջ ու առարկայական քննադատություն այս առումով չի հնչել, ի տարբերություն դաշնակցության, որի ներկայացուցիչներից Արա Նռանյանը բավական հանգամանալից հանդես է եկել ԱՊՊԱ-ի մեխանիզմների քննադատությամբ։
Հիմա, երբ ԱՊՊԱ-ն շատ թե քիչ կայացած է, ՀԱԿ-ի այս պահանջ-առաջարկությունը պարզապես ուշացած է; Ըստ վերջին տվյալների՝ հայկական ավտոմեքենաների 90 տոկոսն արդեն ապահովագրված է, իսկ ապահովագրական հատուցումները ապահովագրական ընկերությունների կողմից վճարվում են բավականաչափ պարտաճանաչ։ Համակարգը թափ է առնում, ուստի դրա չեղյալ հայտարարման մասին խոսակցությունները հռետորաբանությունից այն կողմ չեն անցնում։
Սամվել Ավագյան




























