«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ չէ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի համաձայն՝ առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը տոնել «Քաղաքացու օրը»։ Այս մասին ապրիլի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը քննարկելիս, ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այդ օրինագիծն արդեն քննարկվել է խորհրդարանական խմբակցությունում, բայց իրենց պարզ չէ, թե ինչու է այդ հարցն առաջարկվում քննարկել արագացված ռեժիմով։ «Մենք սկզբունքորեն դեմ չենք, բայց կարծում ենք, որ Քաղաքացու օր կարող է լինել տարվա ամեն օրը, երբ քաղաքացին կկարողանա իր երկրում իրեն պաշտպանված զգալ»,- պարզաբանել է Պետրոսյանը։

Ընդ որում՝ խորհրդարանականը նշել է, որ իրեն դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք խնդրել են աջակցություն ցուցաբերել նոր հիշատակի օր սահմանելու հարցում՝ 2016-ի ապրիլյան օրերի հետ կապված, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հերթական սրացումը, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի հակամարտության երկու կողմից։