Այսօր ընտրությունները նորմալ են անցնում, քայլեր կատարվում են, բայց հիմնական հեղափոխությունը խոստումներ են, որ ժողովուրդը լսում էր հեղափոխության ժամանակ, այսօր դա պետք է իրականանա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, ժողովուրդը սպասում է ավելի լավ ապրելուն, իսկ դրա համար անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, որ ժողովրդի դեմքի փայլը պահպանվի: «Տնտեսական հեղափոխության իմ ծրագիրը ես ներկայացրել եմ ու ասել եմ, որ առանց դրա հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն լինի»,-ասաց նա:

Հարցին, թե առա՞ջ էր լավ ապրում, թե հիմա, Ծառուկյանը պատասխանեց. «Ոնց ապրել եմ, էդպես ապրում եմ, ինչ էլ փոխվի-չփոխվի, ես կամ: Դուք տեսաք, որ եղել եմ, կամ, կմնամ, որովհետեւ իմ պահվածքը, իմ մաքրությունը չի փոխվում: Իմ ուզածն այն է, որ ժողովրդի կյանքը փոխվի: Այսօր մասնագետների 5-7 տոկոսն է մնացել Հայաստանում: Պետք է ամեն ինչ անել, որ հետ վերադառնան, իսկ դրա համարպետք է ներդրումներ արվեն, գումար պետք է դրվի: Պետք է բնակարաններ կառուցվեն, որ վերադարձողները մնալու տեղ ունենան: Հիմա մարդիկ կան, որ 7-8 տարի Ռուսաստանում են ապրում, նրանց երեխաները ռուսական դպրոց են գնում: Այստեղ ռուսական թեքումով դպրոցներ պետք է բացվեն, որ այդ երեխաները կրթություն ստանան»,-ասաց ԲՀԿ առաջնորդը՝ հավելելով. «Այսօր քաղցր բառեր ասել բոլորն էլ կարող են, ձեր ցավը տանեմ: Հիմնական խնդիրն է, որ ներդրումներ լինեն»: