Մենք այսօր ունենք 650 հազար ընտանիք եւ 1.5 մլն վարկառու. այստեղ հավաքվածներդ սաղ վարկի տակ եք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ամեն ընտանիքից երկուսը, երկուսուկեսը վարկի տակ են, մտածում են՝ ոնց անեն, վարկը փակեն, որ հանկարծ վաղը դրսում չմնան: Մարդը չի կարող նոր գործունեության մասին մտածել: Դրա համար պետք է առողջացման ծրագիր անել, պետական պարտքը հիմա 7 մլրդ է, թող դառնա 7.5 մլրդ, բայց կանոնակարգենք, նայենք մեր ժողովրդի միջին խավին:
Մարդկանց վարկերի ներում շնորհեն, առողջացման ծրագիր լինի, որոշ մասը պետք է դնեն բանկի վրա, եթե 20-30 տոկոսով մարդուն վարկ է տրվել, ուրեմն համապատասխան կեսը պետությունը թող վերցնի իր վրա, կեսն էլ բանկերը վերցնեն: Առողջացման ծրագիր չլինի, ժողովուրդը չի կարող գլուխ բարձրացնել, որ շահույթով աշխատի»,- ասաց Ծառուկյանը։
Անդրադառնալով հարկային օրենսգրքի փոփոխությանը, ըստ որի տարեկան մինչեւ 24 մլն շրջանառություն ունեցողները ազատվում են բոլոր հարկերից, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Շատ լավ է, բայց այդ 24 միլիոնի դեպքում գործարարը պետք է օրական 60 հազար դրամի առեւտուր անի, այդ 60 հազար դրամի շահույթը պետք է լինի 5000-6000 դրամ, դա ամսական կազմում է 150 հազար դրամ, որ կարողանա իր գլուխը պահել, դա մենակ իր գոյատեւելու համար է: Այն էլ, այդ օրենքն իրավունք չունի Երեւանում գործելու, իրավունք չունի այլ քաղաքներում գործելու, տոնավաճառներում գործելու: Լիարժեք այդտեղից կարող է օգտվել մի 1000 հոգի: Այսինքն՝ դա էլ չի օգնում»:
Ծառուկյանը առաջնային համարեց փոքր ու միջին բիզնեսի հարկերի նվազեցումը, քանի որ կարծում է, որ դա պետության հիմնական ողնաշարն է: Ըստ նրա՝ լավագույն օրենք ընդունելուց կամ փոփոխություն անելու առաջ քեզ պետք է խնդրին նայել նաեւ գործարարի տեսանկյունից. «Մարդը պետք է իրեն դնի գործարարի տեղը, տեսնի այդ պայմաններով, որ դրել է կառավարությունը, հնարավո՞ր է ապրել»:





























