Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 8-ին աշխատանքային այցով եղել է Արարատյան հարթավայրի մի շարք բնակավայրերում՝ ծանոթանալու ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ ոլորտում առկա խնդիրներին։

Նախարար Սուրեն Պապիկյանը նախ այցելել է Վեդու ջրամբար, ՀՀ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանի եւ ոլորտի այլ պատասխանատուների հետ շրջել շինհրապարակում, քննարկել ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարին զեկուցվել է, որ ավարտական փուլում են ջրամբարի երկու պատվարի շինարարական աշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումը նախատեսվում է ավարտել 2021թ։ Ոռոգման շրջանից դուրս ջուրը ջրամբար կլցվի Վեդի եւ Խոսրով գետերի հեղեղային հոսքերով: Նախարարին տեղեկացվել է նաեւ, որ մոտ օրերս կփորձարկվի շուրջ 11 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգը, որի միջոցով նախատեսվում է ջրամբարի կառուցումից հետո այնտեղ ամբարել գետերի ջուրը:

Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է շրջայցը, այցելել ոլորտի խնդրահարույց հատվածներ: Նախարարը հորդորել է հետեւողական լինել ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ դրենաժային համակարգում առկա թերությունները, ու հատկապես ապօրինի սպառման դեպքերը հայտնաբերելու հարցում: