Հարկային օրենսգրքի առաջարկված բարեփոխումը կոսմետիկ բնույթ ունի:

Ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները բերելու են միայն ֆիսկալ ազդեցություն, առանց արդյունաբերության զարգացման շեշտադրության:

«Տնտեսության զարգացման ցուցանիշներից մեկը համարվում է ուղղակի հարկերի հավաքի բարձր մասնաբաժինը: Զարգացած երկրներում այդ մասնաբաժինը կարող է հասնել մինչեւ 80 տոկոսի, մինչդեռ մեզ մոտ միայն վերջերս այդ թիվը հասել է 39 տոկոսի», - նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ թույլ զարգացած արդյունաբերությունը հանգեցրել է նրան, որ 30 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության առեւտրային հաշվեկշիռը կազմել է 30 մլրդ դրամ: «Վերջին տարիների տվյալներով՝  20 տեսակի ապրանքներից միայն սննդամթերքի արդյունաբերության մեջ մենք դրական սալդո ունենք», - ասաց Սաֆարյանը:

Փորձագետը նշեց, որ լրացուցիչ 55 մլրդ դրամը, որը հավաքվել է այդ տարի, ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունք է, ինչի մասին ասել է նաեւ ՊԵԿ նախագահը: Սակայն այդ գումարը հարկավոր է ուղղել  արդյունաբերության զարգացմանը, ինչը չի արվում:

Խոսելով սեղմված գազի վաճառքի ժամանակ կիլոգրամներին անցնելու որոշմանը՝ փորձագետն ընդգծեց, որ Հայաստանում հարկավոր է էներգետիկ ոլորտում հավասարակշռություն ստեղծել:

«Հարկավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի ավելի շատ բենզին օգտագործվի: Դա կարող է լրացուցիչ հարկերի հավաքի հանգեցնել: Բացի այդ, դա կարեւոր է էներգետիկ անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության տեսանկյունից», - ասաց Սաֆարյանը: