Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը,  հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներին, որոնք ներկայացվել են 2007թ. Մադրիդում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում:  Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Ռոլան Բլումը:

«Այդ սկզբունքների ներդրման դժվարությունները պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում կողմերի դիրքորոշումներով եւ ազգերի ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության հարցերով  համաձայնության ընթացիկ անհնարինությամբ»,-նշել է նա:

Բլումի կարծիքով` միայն քվերակության միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը հնարավորություն կտա որոշել այդ հարցը: «Ես  անհնար եմ համարում ժողովրդին իր կամքին հակառակ ստիպելն ապրել ուրիշի վերահսկողության ներքո: Քանի որ Ֆրանսիան  ճանաչել է այդ սկզբունքը Կոսովոյի նկատմամբ, նման իրավունք պետք է տրվի նաեւ Լեռնային Ղրաբաղին», - նշել է նա: