Յունիբանկը  ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչեւ 2019թ.-ի հունիսի 1-ը:  Տվյալ որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 եւ ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:

Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ 47 մասնաճյուղերից մեկը: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի եւ տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց:

Գործընթացի մեկնարկային փուլից` անցած տարվա հուլիսից մինչ այժմ Յունիբանկը ներել է մոտ 1,9  մլրդ դրամի տույժ եւ տուգանք:

«Մենք միշտ ընդառաջ ենք գնում մեր հաճախորդներին եւ ձգտում ենք գտնել խելամիտ լուծումներ, եթե նրանք ունեն պարտավորությունները կատարելու ցանկություն: Հորդորում ենք անհուսալի վարկեր ունեցող մեր հաճախորդներին` եւ ֆիզիկական, եւ իրավաբանական անձնաց, մեկ օր առաջ դիմել բանկ եւ ստանալ նոր, առավել ճկուն ժամանակացույց»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը: