ԼՂՀ պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները ինչպես երեկ, այնպես էլ դրան նախորդած օրերին հարգել են հրադադարի պահպանման ռեժիմը եւ որեւէ գործողություն չեն իրականացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով ադրբեջանական մամուլի այն տեղեկությունը, թե Աղդամի շրջանի Օրտ գյուղում 9-ամյա բնակիչ է զոհվել Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Նա ընդգծեց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:  

Նշենք, որ Աղդամի շրջանի դատախազ Իսլամ Հասիմովը Trend-ին երեքշաբթի` մարտի 8-ին հայտնել էր, որ երեքշաբթի, ժամը 17-18-ի սահմաններում Ֆարիզ Արզու օղլու Բադալովը գլխից վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի կողմից Շիխլար գյուղի ուղղությամբ արձակված կրակոցից: Երեխան, իբր, խաղալիս է եղել իր տան բակում: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: