ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում որոշում կայացրեց, որով ԱԻՆ-ից Բնապահպանության նախարարությանը փոխանցվեց կազմում գործող հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտում գործառույթները:

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դա երկարատեւ պրոցես է, որը կոլետկիվի վրա է ազդելու. «Հիմա կառավարության որոշում ենք ընդունում, պետք է դեռ գնա Ազգային ժողով: Այս ընթացքում կոլեկտիվը գիտի, որ ԱԻՆ-ում չի, բայց էստեղ էլ չի: Օդի մեջ են մնում: Խնդիր է նաեւ, որ բոլորը չեն գնալու բնապահպանության նախարարություն»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ լավագույն կադրերը կմնան համակարգում, ինչին բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն արձագանքեց, որ սա մեծամաստաբ փոփոխությունների շրջանակում է:

Նախագծի հիմքում դրված է  «շրջակա միջավայրի մոնիտորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը եւ դրա մշակման եւ  իրականացման քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետով վերապահված է բնապահպանության նախարարությանը։

Ներկայումս «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 4-րդ կետով  արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է  հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը։

Նախագծի ընդունմամբ կապահովվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրում: