Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը։

«Հարգելի պարոն Միրզոյան, ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը», - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված առաջարկության մեջ նշել է վարչապետը։

Գարեգին Բաղրամյանը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն է։ Մինչև նախարար նշանակվելը Բաղրամյանը եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը։

2003-ից ՀԾԿՀ-ն ղեկավարող Ռոբերտ Նազարյանը 2018-ի հուլիսին վայր դրեց իր լիազորությունները։

Ըստ մամուլի տեղեկությունների, Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է: