Սաուդյան Արաբիան առաջարկել էր Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆ Խաֆթարին տասնյակ միլիոնավոր դոլարներ որպես ֆինանսական աջակցություն Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին գրավելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին:
Սաուդյան Արաբիայում աղբյուրները պատմել են թերթին, որ Խաֆթարին առաջարկն արվել էր այդ երկիր իր այցի ժամանակ՝ մայրաքաղաքի վրա նրա հարձակումից մի քանի օր առաջ՝ «որի միջոցով նա փորձելու է միավորել մասնատված երկիրն իր իշխանության ներքո»:
Թերթի տեղեկություններով՝ Խաֆթարն ընդունել էր առաջարկը: «Մենք բավականին շռայլ էինք»,-թերթին հայտնել է Սաուդյան Արաբիայից աղբյուրը:
Ռազմական գործողությունները սկսելու նախօրեին Խաֆթարը հանդիպել էր այլ երկրների բարձրաստիճան անձանց հետ, հաղորդում է թերթը՝ չպարզաբանելով՝ որ երկրներին է խոսքը վերաբերում:
«Ներկայումս Խաֆթարն ակտիվ դերակատարում չէր ունենա առանց օտարերկրյա աջակցության, որը նա ստացել էր»,-նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերով գերմանական ինստիտուտի փորձագետ Վոլֆրամ Լաչերը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն մեկնաբանել առաջարկված միջոցների մասին տեղեկատվությունը: Խաֆթարի ներկայացուցիչը չի մեկնաբանել նաեւ Սաուդյան Արաբիայի հետ առնչությությունը, այնպես, ինչպես նաեւ հրամանատարի մյուս կապերի մասին տեղեկատվությունը:
Տրիպոլին գրավելուն ուղղված Լիբիայի ազգային Բանակի գործողությունները սկսվել են ապրիլի 4-ին: Համաձայն ՄԱԿ-ի տվյալենրի՝ Խաֆթարի եւ Տրիպոլիում տեղակայված ազգային համաձայնության կառավարական ուժերի միջեւ բախումների հետեւանքով իրենց տները լքել են Լիբիայի շուրջ 6 հազար բնակիչներ, զոհվել է առնվազն 58 եւ վիրավորվել 275 մարդ:





























