ԵԽԽՎ-ն մեծ սպասելիքներ ունի Հայաստանից եւ նրա ղեկավարներից։ Այս մասին ապրիլի 16-ին ԵԽԽՎ նստաշրջանի արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Խորհրդարանականի խոսքով՝  նա առանձնակի քննադատություն չտեսավ։ «Սպասումները մնում են ուժի մեջ։ Դա նշանակում է, որ բոլորը պետք է պատասխանատվություն զգան եւ վերջապես խոսքից գործի անցնեն»,- նկատել է Մարուքյանը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դահլիճն այնքան էլ լիքը չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, պատգամավորն ասել է, որ իրեն հաջողվել է ներկա գտնվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ, եւ դահլիճի լիքությունը մոտավորապես նույնն էր։ Ինչ վերաբերում է վարչապետին սուր հարցերի բացակայությանը, ապա Մարուքյանը դա բացատրել է նրանով, որ սուր հարցերը հայ ղեկավարներին տալիս են Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, եւ երկու երկրից, սահմանափակ ժամանակի պատճառով, հարցեր տվեցին միայն մեկական պատգամավորներ։