«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը սեպտեմբերի 24-ին նամակներով դիմել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեններ Արմեն Արզումանյանին եւ Արմեն Ամիրյանին` «Հ1»-ի եւ Հանրային ռադիոյի ամենադիտվող եւ լսվող ժամերին հայ — թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված բանավեճեր կազմակերպելու առաջարկով:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Ժառանգություն»-ը սպասում էր, որ առաջին հերթին Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով անհապաղ կկազմակերպվեն դրանց նվիրված բանավեճեր ու քննարկումներ: Ավաղ, անցել է արդեն ավելի քան 3 շաբաթ, բայց նման որեւէ քննարկում ու բանավեճ չդիտեցինք կամ չլսեցինք, բացի որոշ մամուլի ակումբներում տեղի ունեցած բանավեճերի թռուցիկ լուսաբանումը: Ի նկատի ունենալով հայ — թուրքական հարաբերությունների նշանակությունը՝ որպես պետական կյանքի ու ազգային անվտանգության կարեւորագույն հարց, «Ժառանգություն» կուսակցությունը եւ խմբակցությունը դիմում են Ձեզ, առաջարկով` ներքին խորհրդակցությունների համար համաձայնեցված 6-շաբաթյա ժամկետի մինչեւ հոկտեմբերի 14-ը մնացած 3 շաբաթվա ընթացքում հանրության մեծամասնության համար դիտելի ժամերին կազմակերպել հեռուստաբանավեճեր` նվիրված հայ — թուրքական հարաբերութունների կարգավորմանն ու նախաստորագրված արձանագրություններին, եւ դրանց հրավիրել խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներին":




























