2008-ի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհերի եւ տուծաժների թիվը հստակ որոշված է: Ազգային ժողովի նիստին «2008 թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց  «Իմ քայլից» խորհրդարանի փոխխոսնակ, օրինագծի համահեղինակ Լենա Նազարյանը:

Ընդ որում վկայակոչելով ՀՔԾ-ին նա ասաց, որ Երեւանում ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ ստացած մարդկանց թիվը 63 է:

«Այսինքն՝ մենք հստակ գիտենք, թե ովքեր են նրանք», - ասաց Նազարյանը:

Նշենք, որ ներկայացված օրինագծով նախատեսվում է փոխհատուցումներ հատկացնել 2008 թ. մարտի 1-2-ին Երեւանում ցույցերի ցրման հետեւանքով զոհված անձանց ընտանիքներին: Սակայն փոխհատուցում կստանան  ոչ միայն զոհերի հարազատները, այլեւ ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ ստացած քաղաքացիները:

Հիշեցնենք նաեւ, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվել էր 8 ցուցարար եւ Ներքին զորքերի 2 ծառայող: