Ադրբեջանի կողմից անպատասխանատու հայտարարությունների եւ շահարկումների արդյունքում հրահրված միջադեպերի պատճառով աճում է զոհերի թիվը: Այս մասին մարտի 10-ին Բրյուսելում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակի եւ տնօրեն Գունար Վիգանդի հետ հանդիպման ժամանակ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր, երկուստեք կարեւորվել է փոխվստահության ամրապնդման միջոցառումների լիարժեք կիրառման անհրաժեշտությունը:
Մասնավորապես, պաշտպանության նախարարը անթույլատրելի է համարել մարտի 5–ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածություններից հետո շփման գծում Ադրբեջանի կողմից վարվող դիպուկահար եւ անկանոն կրակը:
Եվրամիության պաշտոնյաները չափազանց կարեւորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` պատրաստակամություն հայտնելով գործնական աջակցություն ցուցաբերել փոխվստահության մթնոլորտի բարելավման ուղղությամբ:





























