Հայաստանում հեղափոխության նախադրյալներ չկան, սակայն կան սոցիալական պայթյունի եւ հեղաշրջման իրական նախադրյալներ։ Մարտի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, հեղափոխությունները լինում են միայն այն ժամանակ, երբ փոխվում է մարդկանց մտածելակերպը։ «Իսկ Հայաստանում, ցավոք, նման միտում չկա»,- նկատեց  Հովհաննիսյանը։

«Սովը, աղքատությունը, սոցիալական ծանր պայմանները իրական նախադրյալներ են, որպեսզի ժողովուրդը ոտքի կանգնի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի բնակչության սոցիալական վատ վիճակի ապացույց է այն, որ մարդկանց եկամուտների առյուծի բաժինը ծախսվում է սննդի վրա։

Մեկնաբանելով Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նա հակակրանքով է վերաբերում հեղափոխություններին, Վահան Հովհաննիսյանը կարճ լիկբեզ անցկացրեց՝ բացատրելով հեղափոխության եւ հեղաշրջման տարբերությունը։ «Հավանաբար, խոսելով անօրինականության մասին՝ Սարգսյանը նկատի ուներ ոչ թե հեղափոխությունն, այլ հեղաշրջումը։ Այո, հեղաշրջումն իրոք հակասում է օրենքների նորմերին եւ Սահմանադրությանը, սակայն հեղափոխությունը՝ ոչ։ Հեղափոխությունը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է, ինչը կարող է անցնել առանց արյան եւ զենքի կիրառության։ Հեղափոխությունն առաջընթացի շարժիչ ուժն է, իսկ առաջընթացը չի կարող հակասել Սահմանադրությանը։ Իսկ ահա Հայաստանն իր համար ընտրել է հետընթացի ճանապարհը»,- բացատրեց Հովհաննիսյանը։