ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն ծանուցում է ուղարկել երկրի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին՝ պահանջելով ներկայացնել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական հետախուզության» վերաբերյալ փաստաթղթերը, ասվում է մամլո ամփոփագրում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հայտարարությունում նշվում է, որ կոմիտեի ղեկավար Ադամ Շիֆը «ծանուցում է ուղարկել գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին՝ պահանջելով ներկայացնել փաստաթղթերը եւ նյութրեը, որոնք կապված են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության հետ»։ Փաստաթղթերը ներառում են «հակահետախուզության եւ արտաքին հետախուզության վերաբերյալ բոլոր նյութերը, չխմբագրված ամբողջական զեկույցը, ինչպես նաեւ համապատասխան ապացույցները»։

Մյուլլերն ավարտել է ավելի քան երկամյա հետաքննությունն ապրիլին։ Նա հաստատել է Ռուսաստանի հասցեին մեղադրանքները ԱՄՆ ընտրություններին միջամտության հարցում (Մոսկվան դա հերքում է), բայց Ռուսաստանի հետ Թրամփի «դավադրության» վկայություններ չի գտել, ինչի առկայությունը հերքում են ինչպես Կրեմլում, այնպես էլ Սպիտակ տանը։ Մյուլլերը նաեւ չի պարզել՝ արդյո՞ք Թրամփը խոչընդոտել է արդարադատությանը հետաքննության ընթացքում։