Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի կարդացել 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների գործով բոլոր նյութերը:
«Ես անձամբ չեմ կարդացել մարտի 1-ի գործով բոլոր կետերը, սակայն ստացել եմ վերահսկող դատախազների զեկուցումները, ինչպես նաեւ գործի վերաբերյալ այլ փաստաթղթեր», - Ազգային ժողովում «2018 թ. դատախազության գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասաց Դավթյանը` պատասխանելով պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, ով հետաքրքրվեց նրանց կատարած աշխատանքի մասին:
«Որպես գլխավոր դատախազ, այդ պաշտոնում գտնվելու ամբողջ ընթացքում ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել: Ամեն դեպքում դուք ծանոթացե՞լ եք այդ ծավալուն գործին: Դուք որեւէ հանձնարարականներ տվել եք նախաքննական մարմնի՞ն, թե՞ ոչ», - հարցրեց պատգամավորը:
Գլխավոր դատախազն, իր հերթին, նշեց, որ խորը ուսումնասիրել է գործի բոլոր հանգամանքները: Դավթյանի խոսքով, նա տվյալ քրեական գործով քննչական մարմիններին տարբեր հանձնարարականներ է ուղարկել:
Հիշեցնենք, որ 2008 թ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմությունը նախագահական ընտրությունների արդյունքների դեմ հանրահավաքներ էր անցկացնում: Սակայն մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվեցին ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների: Արդյունքում զոհվեց 10 մարդ:
Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո նոր իշխանությունները կատարվածում մեղադրեցին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը այդ ժամանակ նախագահի պաշտոնակատար էր:
Նրա նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց: Արդյունքում Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց: Նախկին նախագահի գործը դեռեւս ընթացքի մեջ է:





























