Փետրվարին ավստրիացի, սլովակ եւ չեխ գործարարների Արցախ ու Սյունիք կատարած այցի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենան կատաղի աղմուկ է բարձրացրել: Այցը կազմակերպել էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ):

ԵՀՄՖ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական եւ նույնիսկ թուրքական լրատվամիջոցները նախ կասկած էին հայտնել այցի պաշտոնական լինելու շուրջ եւ այնուհետեւ, ստանալով Ռուսաստանում Սլովակիայի դեսպանատան պատասխանը, որ այցի կազմակերպիչը ԵՀՄՖ-ն է, նրանք փորձել են զրոյացնել այցի արդյունքները:

«Ի պատասխան ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ ավստրիացի, սլովակ եւ չեխ գործարարների խումբը պաշտոնապես ընդունվել է Արցախի նախագահի, վարչապետի եւ նախարարների կողմից, ընդ որում հանդիպումների ընթացքում բարձր մակարդակի վրա քննարկվել են համագործակցության ծրագրեր ու ներդրումային առաջարկներ: Քննարկումներն ընթացել են արհեստավարժ եւ գործնական մակարդակի վրա, որը հիացրել է գործարարներին: Այցի արդյունքում գործարարների մոտ ստեղծվել է տպավորություն, որ Արցախն ունի բացարձակ ժամանակակից մտածողությամբ երիտասարդ ղեկավարություն, տնտեսությունը ազատականացված է լիովին եւ գործարար հարաբերությունները զերծ են կոռուպցիայի տարրերից: Եվրոպացի հյուրերի վրա շատ բարձր տպավորություն է թողել Արցախի ինֆրաստրուկտուրան եւ մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկեցիկ եվրոպական տեսքը:

ԵՀՄՖ-ն հայտնում է, որ եվրոպական գործարարներն իրավունք ունեն այցելու ցանկացած երկիր եւ ստանալու պաշտոնական ընդունելություն` անկախ իրենց երկրների կառավարությունների թույլտվության: Ահա սա է հայտնվել Սլովակիայի դեսպանության պաշտոնական նամակում ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի: Բնական է, որ կոռուպացված եւ բացառիկ վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական գործարար աշխարհի ղեկավարության համար սա դժվար ըմբռնելի փաստ է: Սակայն բավական է, որ ադրբեջանցիները ծանոթանան իրենց հարեւան երկրներում` Վրաստանում եւ Արցախում կատարված բիզնեսի ազատականացման արդի մակարդակի հետ` հավատալու, որ, այո, եվրոպական մոտեցումը գործարարության զարգացման նկատմամբ սա է: Այս երկրներում, ինչպես նաեւ ԵՄ-ում իշխանությունները կարող են միայն եւ միայն նպաստել գործարարի աշխատանքներին. խանգարելը կամ արգելելը իսպառ բացառվում է:

Ի գիտություն  Ադրբեջանի ԶԼՄ-ների հայտնում ենք, որ Արցախն ունի օտարերկրյա ներդրողների կողմից այնքան շատ առաջարկներ, որ Արցախի կառավարությունն ընտրում է եւ համագործակցում միայն լավագույնների հետ: Մեր առաջարկները նույնպես այժմ ստանում են մասնագիտական քննություն եւ միայն դրա արդյունքում կսկսեն իրականացվել դրական գնահատական ստացած ծրագրերը: Ինչ վերաբերվում է մեր եվրոպացի գործընկերներին, հայտնում ենք, որ նրանց ընկերությունները իրենց երկրների` Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի ԱԳՆ-ներից կամ այլ մարմիններից չեն ստացել ոչ մի զանգ եւ կամ գրություն Արցախում գործունեություն ծավալելուն դեմ»,- ասված է ԵՀՄՖ-ի հաղորդագրության մեջ: