Գյումրիի «Սեվերսկի» թաղամասի  բնակիչները պատրաստվում են գալ Երեւան ու նախագահական շենքի դիմաց բողոքի գործողություններ սկսել, եթե Սերժ Սարգսյանին ուղղված իրենց այս դիմումն էլ մնա անպատասխան:

Խնդիրը, ըստ բնակիչների, «Սեվերսկի» թաղամասի վթարային շենքերն են, որոնք ժամանակ առ ժամանակ մասնակի փլուզումների են ենթարկվում, տանիքները կաթում են, ջրերը լցվում նկուղները:

Նրանց ներկայացմամբ, նախորդ տարի այս հարցը բարձրացվել է կառավարական մակարդակով, Երեվանից հատուկ պատվիրակություն է եկել, ուսումնասիրություններ են կատարել ու թողել- գնացել՝ խոստանալով որ մինչեւ տարեվերջ խնդիրը կլուծվի, բայց մինչ օրս  իրավիճակը բնակելի շենքում շարունակում է նույնը մնալ:

«Երկար տարիներ առաջ շենքը ծառայել է որպես մանկատուն, ապա բնակեցվել  ու դեռ 88-ի երկրաշարժից առաջ անցել է համայնքային ենթակայության տակ: Նույնիսկ մեկ անգամ տարհանել են մեզ, տեղափոխել Բուլվարային թաղամաս՝ շենքն ամրացնելու նպատակով, բայց աշխատանքներ չեն կատարվել, քաղաքաշինության նախարարությունից ասել են, թե վթարայինում ապրել դեռ հնարավոր է ու խորհուրդ են տվել վերադառնալ մեր  բնակարաններ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին վթարային շենքի բնակիչները:

«Շենքը 4-րդ աստիճանի վթարայնություն ունի: Այս եզրակացությունը սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից տրվել է դեռ 4-5 տարի առաջ, դրանից հետո մի քանի անգամ մասնակի փլուզումներ են գրանցվել: Կառույցի  միջնամասն ինքն իրեն իջնում է»,-ահազանգում են Սարգսյանները: Նրանց  բնակարանն ամենավտանգավոր գոտում է: Տանտիրուհին ասում է, վերեվից կաթում է, իսկ շենքի նկուղը ջրի մեջ է, պատերը փլվում են, ու այդ պայմաններում ապրում են ինքն ու իր անչափահաս երեխաները:

Վերջին անգամ մեկ տարի առաջ բնակիչները նամակ են գրել երկրի վարչապետին ու ներկայացրել շենքի վիճակը: Պատմում են որ աշխատանքային խումբ է եկել Երեվանից, տեսել են շենքի վիճակն ու եզրակացրել, որ այստեղ ապրել հնարավոր չէ, բնակիչները հիշում ու ասում են, որ մայրաքաղաքից եկած մասնագետները նույնիսկ վախեցել են երկրորդ հարկ բարձրանալ ու շենքի տանիքն ուսումնասիրել, որտեղ արդեն ծառեր են աճել:

Հիմա բնակիչներն արմատական են տրամադրված եւ որոշել են մի քանի օրից գալ Երեւան, նախագահի նստավայր՝ պարզելու, թե Գյումրիի վթարային կառույցների համար, ի վերջո, երբ է գործելու պետական այն ծրագիրը, որի մասին միշտ խոսում են ոլորտի տեղի ղեկավարները: