«Ժողովրդական հեռուստատեսությունը» նպատակ ունի իրականացնել ժողովրդի միակ` անաչառ լրատվություն ապահովելու պահանջը, ընդ որում հեռուստատեսության ծրագրերն, ամենայն հավանականությամբ, կհեռարձակվեն «Ա1+»-ի եթերում: Մարտի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեցին «Ժողովրդական հեռուստատեսության» հոգաբարձուների խորհրդի անդամները:
Մշակույթի նախկին փոխնախարար, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին անդամ Կարինե Խոդիկյանը նշեց, որ հեռուստատեսությունն իր աշխատանքները կարող է սկսել առաջիկա մեկ տարվա ընթացքում: “Պատկերացնենք, որ «Ա1+»-ը հեռարձակվելու է օրվա մեջ 10 ժամ: Այդ 10 ժամվա մեջ «Ժողովրդական հեռուստատեսության» ծրագիրը կարող է հեռարձակվել, ասենք, 3 ժամ: Այդ ծրագիրը, երբ կհեռարձակվի, կունենա հատուկ լոգո»,- նշեց նա:
«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն իր հեթին ասաց, որ ինքն «ուրախ է մասնակցել էքսպերիմենտին»: Նա հոգաբարձուների խորհրդին ինտերնետային, արբանյակային հեռարձակում սկսելու վերաբերյալ ծրագիր է ներկայացրել: Բայց քանի որ այդ ծրագրի իրականացման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ապա հայտարարվեց, որ «ժողովրդական հեռուստատեսություն» նախաձեռնությունը շարունակում է սկսված դրամահավաքը:
Մեսրոպ Մովսեսյանի տեղեկացմամբ, մինչեւ այժմ դրամահավաքին մասնակցել է 30 հազար մարդ, հավաքվել է 1 միլիոն 250 հազար դրամ, 5410 դոլար, 110 եվրո գումար:
Ասուլիսի բանախոսները հայտարարեցին, որ «ժողովրդական հեռուստատեսություն» նախաձեռնությունը բաց է առաջարկություններ ընդունելու, դրանք ուսումնասիրելու համար:
Նշենք, որ «Ժողովրդական հեռուստատեսության» հոգաբարձուների խորհրդի կազմում ներգրավված են իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործունեությամբ զբաղվող անձինք, այդ թվում` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը եւ այլք:




























