Թուրքական պատվիրակության հետ ԱՄՆ մեկնած Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը Հարվարդի համալսարանում կազմակերպված կոնֆերանսում անդրադարձել է նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman թերթը։

Թուրքիայի պետնախարար, Եվրամիության անդամակցության գծով բանագնաց Էգեմեն Բաղըշը, ով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած պատվիրակության կազմում ժամանել է ԱՄՆ, Հարվարդի համալսարանում կամակերպված «Թուրքիա եւ Եվրամիություն» կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը։ Բաղըշը հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ կվերանա ստատուս-քվոն եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ավելի շատ նախադրյալներ կստեղծվեն։ Նա շեշտում է, որ յոթ տարի է, ինչ թուրքական իշխանությունները կիպրական, քրդական եւ հայկական հարցերի նման զգայուն հարցերում խիզախ քայլեր են անում եւ այդ քայլերը շարունակվելու են։