Մայիսի 28-ը պետք է հռչակել որպես անկախության վերականգնման օր: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախկին դիսիդենտ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ անկախության համար պայքարը սկսվել է դեռեւս Հայկի ու Բելի պայքարից: «Հայկական ոչ մի քաղաքական ուժ դեմ չի եղել, որ մենք անվանենք այս օրը այնպես, ինչպես ցանկացել են անկախության ճարտարապետերը»,-նշել է նա:
Հայրիկյանը հավելել է, որ սեպտեմբերի 21-ի օրը (երբ նշվում է Անկախության օրը – խմբ.) նա նախաձեռնել է դեռեւս 1973 թվականին: «Այդ ժամանակ ես ասել էի, որ անկախությունը պետք է վերականգնել ինքնորոշման սկզբունքով՝ հանրաքվեի միջոցով: Այսինքն՝ ես նախաձեռնել եմ ինքնորոշման օրը, իսկ նրանք, ովքեր որեւէ կապ չունեն այդ գործընթացների հետ, անվանում են սեպտեմբերի 21-ը որպես Անկախության օր: Ո՞վ է ձեզ թույլ տվել այդպես անել: Դուք կարող եք ձեր, ոչ թե իմ երեխային ցանկացած անուն տալ: Սեպտեմբերի 21-ը Անկախության օր հռչակելով՝ մենք անտեսում ենք ոչ միայն մայիսի 28-ը, այլ նաեւ օգոստոսի 23-ը: Հենց այդ օրը 1990 թվականին Հայաստանի խորհրդարանն ընդունել էր Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»,-ընդգծել է նա:
Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝ աշխարհում ոչ մի ուրիշ երկրի քաղաքական էլիտան չունի այդպիսի ցածր գիտակցություն:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակը:




























