ԵՏՄ երկրները պետք է կատարելագործեն քաղաքականության համակարգումը տնտեսության առանցքային ոլորտներում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Այսուհետ եւս պետք է կատարելագործել միավորման պետությունների քաղաքականության համակարգումը տնտեսության առանցքային ճյուղերում։ Լիովին իրականացնել Եվրասիական տնտեսական ընկերակցությունում ընդունված որոշումները վերազգային կարգավորում մտցնելու մասին բանկային եւ ֆինանսական հատվածներում, բժշկությունում եւ դեղագործությունում, տրանսպորտում, նավթագազային արդյունաբերությունում»,- ասել է Պուտինը ԵԲՏԽ նիստում։
Նրա խոսքով՝ «ավելի կանոնակարգված համատեղ ջանքեր է պահանջում նաեւ տնտեսությունում օրենսդրական բազայի միասնականացումը»։
«Մեր կարծիքով, անհրաժեշտ է շարունակել վարչական կանոնների եւ ընթացակարգերի օպտիմալացման ուղեգիծը, հետ մնացող ոչսակագնային պատնեշների վերացումը, բյուրոկրատական բեռնվածության թեթեւացումը բիզնեսի հանդեպ»,- նշել է պետության ղեկավարը։
Լուկաշենկոն կոչ է արել ԵՏՄ երկրներին հրաժարվել տնտեսությունում սահմանափակիչ միջոցներից
Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է հրաժարվեն տնտեսությունում հովանավորչական որոշումներից եւ սահմանափակումներից՝ միության ընդլայնման նպատակով, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Պետք է հրաժարվել հովանավորչական որոշումներից ազգային մակարդակներում, հանել սահմանափակիչ միջոցները։ Սա է մեր միության ամուր հիմքի ձեւավորման գրավականը»,- ասել է Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում։
Նա ավելացրել է, որ «այդ ժամանակ նոր երկրների ներգրավման խնդիրներ չեն լինի, որոնց մենք ցանկանում ենք տեսնել միությունում, նրանք իրենք կգան այս միություն»։
Բելառուսի նախագահը նաեւ նշել է բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին, ներառյալ էներգետիկան։ «Առայժմ նախապատվությունը տրվում է տնտեսվարման առանձին սուբյեկտի, ճյուղի կամ երկրի շահերին»,- ասել է Լուկաշենկոն։
ԵՏՄ համագործակցությունը Աֆրիկյան միության հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը մասնակցելու Ռուսաստան-Աֆրիկա գագաթաժողովին, որը կայանալու է հոկտեմբերի 24-ին Սոչիում, եւ առաջարկել է ստորագրման պատրաստել հուշագիր ԵՏՀ-ի եւ Աֆրիկյան միության փոխգործակցության մասին, գրում է «Ինտերֆաքսը»։
Մեզ թվում է, որ կան ԵՏՄ երկրների եւ Աֆրիկյան մայրցամաքի ինտեգրացիոն միավորումների փոխշահավետ շփումների լավ հեռանկարներ»,- ասել է նա ԵԲՏԽ ընդլայնված նիստում։
Այս առնչությամբ Պուտինը նշել է, որ հոկտեմբերի 24-ին Սոչիում տեղի է ունենալու Ռուսաստան-Աֆրիկա գագաթաժողով։
«Հրավիրում ենք ԵՏՀ ղեկավարությանը մասնակցելու այդ միջոցառմանը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ ներկայում պատրաստվում է հուշագիր ԵՏՀ-ի եւ Աֆրիկյան միության փոխգործակցության մասին։
«Այդ փաստաթուղթը կարելի կլիներ ստորագրել Սոչիի հանդիպման շրջանակում, եթե, իհարկե, հանձնաժողովը պատրաստ է դրան, եւ գործընկերները այս ամենին հավանություն կտան»,- ավելացրել է Պուտինը։
Նա նաեւ ուշադրություն է հրավիրել ԵՏՄ-ի եւ արտասահմանյան այլ գործընկերների ակտիվ փոխգործակցության վրա։
«Այսօր մենք որոշում կընդունենք Սերբիայի հետ Ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիր կնքելու մասին։ Եզրափակիչ փուլում են բանակցությունները Սինգապուրի հետ համանման համաձայնագրի շուրջ, որն այժմ ճանաչված է աշխարհի ամենամրցունակ տնտեսությունը։ Ավարտվում է Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի վավերացումը։ Հույս ունենք նույնքան դինամիկ աշխատել Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը պաշտպանել է ԵՏՄ տարածքում աշխատանքի ստաժը հաշվի առնելու գաղափարը թոշակները հաշվելիս
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների թոշակառուների համար հարմար կլինի հաշվարկել այն թոշակը, որի ժամանակ նկատի կառնվի աշխատանքի ստաժը ԵՏՄ բոլոր պետությունների տարածքում։
«Նշեմ, որ Եվրասիական հանձնաժողովը պատրաստել է համաձայնագիր, որը հնարավորություն կտա թոշակները հաշվելիս հաշվի առնել աշխատանքային գործունեության ամբողջ ընթացքի ստաժը Միության բոլոր պետությունների տարածքում»,- ասել է Ռուսաստանի նախագահը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։ Նրա կարծիքով՝ «կոնկրետ քաղաքացու համար, հասարակ մարդու համար, մարդու համար, որն ամբողջ կյանքն աշխատել է, դա շատ կարեւոր նշանակություն ունի»։ «Կարեւոր չի լինի, թե որտեղ է կոնկրետ մարդն աշխատել, գլխավորը, որպեսզի լինեն համապատասխան փաստաթղթեր, որոնք հաստատեն այդ ստաժը»,- նշել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ «փաստաթղթի ուժի մեջ մտնելը թույլ կտա ավելի լայն ծավալով ապահովել ԵՏՄ պետությունների քաղաքացիների իրավունքներն ու շահերը։
Ըստ ՌԴ նախագահի՝ «հատուկ ուշադրություն են պահանջում այն հարցերը, որոնք կապված են ԵՏՄ ֆինանսական համատեղ ինստիտուտների ամրապնդման հետ, որոնք կոչված են աջակցելու միավորման մասնակից երկրների տնտեսության կայունությանը, այդ թվում գլոբալ շուկաներում անկայունության շրջանում»։ «Ներկայում Զարգացման Եվրասիական բանկը ֆինանսավորում է ավելի քան 80 նախագիծ, որոնց մեծ մասը՝ էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքի ոլորտներում; իրականացնում է ներդրումներ Միության պետությունների համար կենսականորեն կարեւոր ոլորտներում»,- փաստել է Ռուսաստանի պետության ղեկավարը։ Նա նշել է, որ «բանկի ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 7,7 մլրդ դոլարի»։





























