ՀՀ իշխանությունների գործողություններն ուղղված են ամբոխի ցանկությունների բավարարմանը։ Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների քաղաքականության արդյունքները մակերեսային են եւ քիչ են ուղղված ՀՆԱ աճի ապահովմանը, գործազրկության կրճատմանն ու պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը։ «Բոլոր գործընթացները մինչեւ հիմա գտնվում են անձնային մակարդակում։ Դա վերաբերում է նաեւ դատական համակարգը փոխելու փորձին»,- ասել է Ադիբեկյանը։

Սոցիոլոգը հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակները՝ նշելով, որ նրա նախագահության 200-րդ օրվա ավարտին ՀՆԱ-ն աճել էր երեք անգամ, իսկ բյուջեն՝ 5 անգամ։ «Հենց նման փոփոխություններ է սպասում հասարակությունը։ Մենք սպասում ենք ներդրումների աճ։ Այսօր մենք ավելի քան 5 մլրդ դոլար պարտք ունենք եւ ընդամենը 4-5 տոկոս կանխատեսվող աճ»,- փաստել է նա։

Փորձագետը նշել է, որ հարցախույզների ժամանակ այն մասին, թե որ ոլորտներում է պետք բարեփոխումներ իրականացնել, քաղաքացիները դատական համակարգը նշել են վերջին հերթին, քանի որ Հայաստանի բնակչության ընդամենը 5 տոկոսն է ուղղակիորեն կապված դատարանների հետ։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունների նեկայիս գործողությունները նշանակում են, որ նախաձեռնվում է դատական համակարգի աշխատանքի վրա ազդելու փորձ։ «Վեթինգի» անցկացումը չի երաշխավորում, որ մենք կազատվենք կոռուպցիայից դատական համակարգում։ Մենք արդեն իշխանություններին ներկայացրել ենք մոդել, որը հիմնված է գիտական հետազոտությունների վրա»,- ավելացրել է Ահարոն Ադիբեկյանը։