Ես հասարակ մարդ եմ եւ չեմ սիրում խաբել, մանավանդ այն պահին, երբ ծրագրում եմ նման պատասխանատու պաշտոն ստանձնել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը քննարկելիս, մայիսի 29-ին ասել է այդ պաշտոնի հավակնորդ Արթուր Վաղարշյանը։

Ընդ որում՝ նա հավաստիացրել է, որ կապված չէ որեւէ քաղաքական ուժի հետ։ «Ես չեմ մասնակցում ոչ մի քաղաքական խարդավանքի։ Ես մասնակցում եմ թեկնածուների առաջադրման գործընթացին անցած տարվանից, երբ լսեցի մրցույթի մասին հեռուստատեսությամբ եւ որոշեցի մասնակցել այդ հեղափոխական, ռոմանտիկ շրջանում»,- ընդգծել է Վաղարշյանը։

Նշենք, որ դիտորդների կարծիքով՝ կառավարող «Իմ քայլը» դաշինքը ցանկանում է ՍԴ անդամի, իսկ հետո նախագահի պաշտոնում տեսնել փաստաբան Վահե Գրիգորյանին, ուստի խափանել է նախորդ քվեարկությունները։ Նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես տեսնում ենք, այս անգամ էլ է առաջադրել այլ թեկնածու։