«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանը հայտարարությանը՝ իրեն դատի տալու մասին:

Նշենք, որ երեկ Բաբկեն Ղազարյանը հայտարարել էր, որ Դանիել Իոաննիսյանը զրպարտել է իրեն՝ անվանելով «քրեական հեղինակություն»:

«Պահանջելու եմ պարտավորեցնել Իոաննիսյանին՝ նույն կերպ` լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները՝ հրապարակելով հերքման տեքստն ամբողջությամբ, ինչպես նաեւ բռնագանձել երկու միլիոն դրամ, ինչը կօգտագործվի բարեգործական նպատակներով»,-նշել է Ղազարյանը:

Ի պատասխան Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ եթե նա հայցից չհրաժարվի, հակընդդեմ հայց է ստանալու:

Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է հետեւյալը. «Բաբկեն Ղազարյան անունով մեկը ինձ դատի է տվել, ըստ էության, ասելով, որ թեեւ ինքը «Թոխմախի Բաբոն» է, բայց կիրթ, ինտիլիգենտ տղա է, իսկ ես իրեն զրպարտել եմ (ասել եմ, որ քրեական հեղինակություն է):

Բնականաբար, եթե հայցից չհրաժարվի, ոչ միայն հակընդդեմ հայց է ստանալու ԶԼՄ-ներով իմ մասին իր հայտարարության համար, այլեւ մի քանի այլ «հաճելի» անակնկալ: Թող ինձ դատի տված 30 տնօրեններից խորհուրդ հարցնի:

Բայց սյուռն այն է, որ այդ անձը պնդում է, որ ես նպատակադրումով եմ իրեն պախարակում: Երեւի նախանձում եմ, որ ինքը մականունով ու «քուչում հարգըված տղայա»: