Հայաստանի էներգետիկ բալանսի գրեթե կեսը ձեւավորվում է միջուկային վառելիքի հաշվին, ընդ որում, գտնվելով սեյսմիկ գոտում՝ Հայաստանը պետք է տեխնիկական անվտանգության ժամանակակից չափանիշներ ապահովի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակի մասին։

Նրա խոսքով, տարերքը վնասել է ոչ միայն Ճապոնիային, քանի որ խոսքը գնում է մի երկրի մասին, որի տնտեսությունը եւ արտահանման եւ ներկրման ուղղություններ ունի:

«Այս իրավիճակը լուրջ ազդանշան է նաեւ բոլոր գերտերությունների համար»,- նշեց Մանասերյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը պետք է դասեր քաղի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակից։

Նշենք, որ մարտի 11-ի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ուղեկցվել է ցունամիով եւ հետցնցումներով, շարքից դուրս են եկել «Ֆուկուսիմա-1» եւ «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ի սառեցման համակարգերը։ Երկրի կառավարությունը հայտնել է ԱԷԿ-ի չորրորդ բլոկում տեղի ունեցած երկու հրդեհների, ինչպես նաեւ 5-րդ եւ 6-րդ բլոկերում ջերմաստիճանի բարձրացման մասին։