Էնթոնի Ջինյակն իր ամբողջ գիտակցական կյանքում հարուստ սաուդցի շեյխի դեր է խաղացել, չնայած իրականում նրա հայրենիքը Կոլումբիան է:
USA.one-ը հայտնում է, որ 7 տարեկանում նրան որդեգրել է Միչիգանից մի ընտանիք: Տղամարդու մոտ ախտորոշվել է անձի խառը խանգարում, որը մանկական հոգեկան վնասվածքների հետեւանք էր. հնարավոր է՝ Կոլումբիայում ծանր մանկության պատճառով կամ որդեգիր ծնողների ամուսնալուծության: «Ինձ 5 տարեկանում բռնաբարել են եւ փողոցներում տղամարդկանց վաճառել, որ կարողանայի կերակրել եղբորս»,- Բոգոտայում իր մանկությունն այսպես է նկարագրել Էնթոնին:
Անգլերեն սովորելուց եւ դպրոց հաճախելուց հետո Ջինյակը համադասարանցիներին ասել է, որ անպայման կարեւոր մեկը կդառնա: Նա խաբում էր, որ մայրը բավականին հարուստ է եւ պատմական հյուրանոց ունի, իսկ հայրը հայտնի դերասան է: Էնթոնին բոլորին հավաստիացնում էր, որ նա փող եւ իշխանություն ունի: Երբ նա 12 տարեկան էր, ծնողները փորձել են օգնել՝ ստիպելով թերապիայի կուրս անցնել: Իսկ 17 տարեկանում նա սկսել է ներկայանալ որպես Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ: Վերջին 30 տարում նրան 11 անգամ կալանավորել են թագավորական ընտանիքի հարուստ ժառանգորդի անվան տակ տարբեր խաբեությունների համար:
Նրա բազմամյա կարիերան, որպես սուլթան բեն Հալիդ Ալ Սաուդ, դատարանի որոշմամբ ընդհատվել է նվազագույնը 18 տարով: Ջինյակին հաջողվել է խաբել տասնյակ ներդրողների Հարավային Ֆլորիդայից մինչեւ Անգլիա՝ շորթելով մոտ 8 մլն դոլար: Չնայած ինքը՝ կեղծ արքայազնը պնդում է, որ սա այսբերգի միայն գագաթն է, եւ ինքը նույնպես զոհ է, քանի որ բիզնեսի իր գործընկերների համար մենակ է գործում:
Մինչեւ 2017 թվականը Էնթոնին ապրում էր իսկապես արքայավայել, ինչպես տեղեկացնում է www.usa.xn--one--tef2r Նա ապրում էր «Սուլթան» փենթհաուսում, կրում էր Cartier-ի թանկարժեք զարդեր, Rolex ժամացույց, վարում էր դիվանագիտական համարանիշերով Ferrari, թռչում մասնավոր ինքնաթիռներով կամ ճամփորդում էլիտար զբոսանավերով, գնում էր հազվադեպ նկարներ եւ արվեստի այլ իրեր, իր չիխուախուային թանկարժեք հագուստներ էր հագցնում։ Բութիքներում «շեյխը» միանգամից հազարավոր դոլարներ էր ծախսում։
Դաշնային հետաքննությունն սկսվեց այն բանից հետո, երբ նա պատրաստվում էր հյուրանոց գնել Մայամիում 44 մլն դոլարով։ «Շեյխը» համար էր վարձակալել հյուրանոցում, վճարումը կատարել էր արքայազն Հալիդի կրեդիտ-քարտով եւ ցույց տվել կեղծ փաստաթղթեր Դուբայի բանկից 600 մլն դոլար վարկի մասին։ Հյուրանոցատերերը խիստ զարմացել էին՝ նայելով, թե ինչպես է սաուդյան արքայազնը ախորժակով խժռում խոզապուխտով հացը, եւ սեփական հետաքննություն էին սկսել։
Դատավորը նրան «լեգենդար խարդախ» է անվանել՝ ասելով, որ բազմամյա խարդախությունն իսկապես տպավորիչ է։ Ջինյակը խաղացել է մարդկանց զգացմունքների հետ՝ օգտագործելով իր «ծագումն» ու այն, որ շատերը չեն կարողացել կոլումբիացուն տարբերել արաբից։ Էնթոնիին ճանաչող մարդկանց խոսքով՝ նա այնքան էր խորացել լեգենդի մեջ, որ, թերեւս, անկեղծորեն հավատում էր, թե սաուդցի շեյխ է։





























