ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները Բրյուսելում բանակցություններ կվարի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ եւ կներկայացնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ «դարի գործարքը», հաղորդում է AFP-ը:

Զրուցակիցները կքննարկեն Մերձավոր Արեւելքի վիճակն ու այլ աշխարհաքաղաքական հարցեր: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Մինա Անդրեեւան:

Թրամփը, ում վարչակազմն աջակցում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, նախօրեին խոստովանել է, որ հասկանում է ծրագրի իրականացման հետ կապված իր վարչակազմի որոշ անդամների մտավախությունը, սակայն ինքը լավատեսորեն է տրամադրված:

Քուշների խոսքով՝ պաղեստինցիները պատրաստ չեն ինքնուրույն ղեկավարել:

ԱՄՆ-ը Բահրեյնում հունիսի 25-26-ը պետք է ներկայացնի ծրագրի տնտեսական բովանդակությունը: Պարսից ծոցի արաբական պետությունները, ինչպես ակնկալվում է, խոստումներ կտան՝ Պաղեստինի տնտեսության խթանման համար:

Սակայն դեռեւս հայտնի չէ, թե երբ քննարկվի այդ ծրագրի քաղաքական մասը:

ԵՄ-ը նախկինի պես հակված է երկու պետությունների ստեղծմանը: