ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակվում է մեքսիկական ներմուծման համար մաքսատուրքերի սահմանմանը: Նա նշել է, որ մաքսատուրքերը, ամենայն հավանականությամբ, կկիրառվեն հաջորդ շաբաթվանից, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ անթույլատրելի է, որ միլիոնավոր միգրանտներ ԱՄՆ են ներթափանցում Մեքսիկայի տարածքով եւ վերջինս պետք է  վերջ դնի դրան: Նա նշել է, որ Մեքսիկան քայլեր կձեռնարկի միգրանտների հոսքը կանգնեցնելու համար, բայց եթե «նրանք դա չանեն, մենք պատրաստվում ենք մաքսատուրքեր կիրառել»:

Անցյալ շաբաթ Թրամփը սպառնացել է հունիսի 10-ից սկսած ամենամսյա 5 տոկոսանոց սակագին կիրառել մեքսիկական ներմուծման համար , որը մինչեւ հոկտեմբեր կբարձրանա մինչեւ 25 տոկոս:

Մեքսիկացի պաշտոնյաները բանակցությունների համար գտնվում են Վաշինգտոնում, որպեսզի կնքեն համաձայնագիր, որը թույլ կտա խուսափել մաքսատուրքերից:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը երեքշաբթի հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ-ի հետ ներգաղթի վերաբերյալ պայմանավորվել մինչեւ Վաշինգտոնը կիրականացնի պատժիչ մաքսատուրքերի սահմանման իր սպառնալիքը:

Նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված:

Մեքսիկան ներգաղթային առաջարկ է պատրաստում ԱՄՆ-ի պաշտոնական անձանց հետ հանդիպմանը ներկայացնելու համար, որը նախատեսված է չորեքշաբթի Վաշինգտոնում:

«Ես կարծում եմ, որ վաղը հանդիպումը կարեւոր կլինի եւ որ մինչեւ հունիսի 10-ը՝ մինչեւ այդ սակագնի ուժի մեջ մտնելը, գործարք կկնքվի», - ասել է Օբրադորը: