ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Շվեյցարիային զգուշացրել է Չինաստանի հետ սերտ գործնական կապերի մասին՝ հայտարարելով, որ երկիրը չպետք է օգտվի չինական ընկերությունների արտադրանքից՝ 5G ցանցի ստեղծման համար, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր դաշնակիցներին խորհուրդ է տվել չօգտագործել չինական տեխնոլոգիաներն ու Huawei Technologies Co Ltd նոր սերնդի սարքավորումները՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է Չինաստանին թույլ տալ լրտեսել անձնական հաղորդագրություններն ու տվյալները: Huawei ընկերությունը հերքում է այդ մեղադրանքները:
«Շվեյցարացիները մեծ նշանակություն են տալիս անձնական կյանքի պաշտպանությանը: Սակայն եթե դուք աշխատում եք չինական տեխնոլոգիաների հետ, ապա ձեր տեղեկատվությունը տրամադրում եք Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը, որտեղ անձնական կյանք չկա»,- Neue Zuercher Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Պոմպեոն:
Պոմպեոն նաեւ բարձր է գնահատել Շվեյցարիային, որը որպես դիվանագիտական ալիք է հանդես գալիս Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ:
«Մենք կաշխատենք միասին անվտանգության կարեւոր հարցերի լուծման համար»,- հավելել է նա:





























