2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ մինչև այս պահը Մարտի 1–ի գործի շրջանակում սա առաջին ձերբակալությունն է սպանության կասկածանքով։

Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականին հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի մեկի մայր գործից  մաս էր անջատվել: 2018թ. հուլիսի 3-ին ՀՔԾ-ում անջատված մասով  քրեական գործ էր հարուցվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի կապակցությամբ: 

Սահմանադրական կարգը տապալելու գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանին, Միքայել Հարությունյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին:

Միքայել Հարությունյանը և Վահագն  Հարությունյանը ներկայումս գտնվում են միջազգային հետախուզման մեջ, իսկ մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան: