2018 թվականին Ֆրանսիայի կողմից Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն աճել է 50%-ով՝ չնայած Եմենում «կեղտոտ պատերազմին» վերջ դնելու կոչերին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, կառավարության տարեկան հաշվետվությունը ցույց է տվել, որ զենքի ընդհանուր վաճառքն աճել է 30%-ով՝ մինչեւ 9,1 մլրդ եվրո 2018 թ.:
Ֆրանսիան Սաուդյան Արաբիային զենք է վաճառել մոտ 1 մլրդ եվրոյի չափով:
«Նման դիրքորոշումը խախտում է միջազգային պարտավորությունները, իսկ Եմենում կարելի է միայն հակամարտության սրացում սպասել»,- հայտարարել է Armamanent կազմակերպության ներկայացուցիչը:
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարում է, որ զենքի վաճառքը կարգավորվում է խիստ ընթացակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային համաձայնագրերին:
Ֆրանսիան սպառազինության համաշխարհային առաջատար արտահանողներից է համարվում: Վերջին տարիներին Ֆրանսիայի կողմից սպառազինության վաճառքն աճել է Rafale ռեակտիվ կործանիչների արտասահմանյան պայմանագրերի շնորհիվ, հատկապես Հնդկաստանում եւ Կատարում:
Փարիզը ձգտում է մեծացնել իր դիվանագիտական կշիռը Մերձավոր Արեւելքում՝ Արաբական Միացյալ Էմիրություններին, Սաուդյան Արաբիային եւ Եգիպտոսին ռազմանավեր, տանկեր, հրետանի եւ ռազմամթերք վաճառելու ճանապարհով:
Դա քննադատության է արժանացել ոչ կառավարական կազմակերպությունների եւ որոշ օրենսդիրների կողմից, որոնք կոչ են արել կառավարությանը սահմանափակել արաբական երկրների աջակցությունը:
Մերձավոր Արեւելք ֆրանսիական սպառազինությունների արտահանումն աճել է՝ հասնելով 4 մլրդ եվրոյի:
Եգիպտոսը, որը վերջին տարիներին ֆրանսիական սպառազինության գլխավոր գնորդներից է, մոտ 270 մլն եվրոյի զենք է գնել, իսկ ԱՄԷ-ի պատվերները կտրուկ նվազել են:





























