Փաստաբան Հրանտ Անանյանը պատրաստվում է բողոքարկել մայիսի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպի փաստով քրեկան գործի հարուցումը մերժելու որոշումը։ Անանյանը NEWS.am–ին հայտնեց, որ որոշումը ստանալուց և հիմանավորումներին ծանոթանալուց հետո բողոք կներկայացնի։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ին Անանյանը հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ Դավիթ Բալայանի աշխատանքը խոչընդոտելու հետ կապված։
Ըստ փաստաբանի՝ հրապարակված տեսանյութերում երևում է, որ դատավորը փորձում է մուտք գործել դատարանի շենք եւ կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի կապակցությամբ ակնհայտ եւ հստակ բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որի արդյունքում նա ընկնում է գետնին, իսկ այդ ընթացքում հավաքվածներից մեկը վիրավորական արտահայտություններ է հնչեցնում նրա հասցեին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ՀՀ դատախազությունն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն։ Մայիսի 3–ին ՀՔԾ–ն որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։
Նշենք, որ հաղորդումներից մեկը ներկայացրել էր Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, մյուսը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարը։ Եվս երեք նյութ վերաբերում է փաստաբաններ Միհրան Պողոսյանի, Հրանտ Անանյանի եւ Լուսինե Ավագյանի աշխատանքը խոչընդոտելուն։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։





























