ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնական այցն Իռլանդիա, որն սկսվել է չորեքշաբթի, կուղեկցվի բողոքի ցույցերով երկրի շատ քաղաքներում։ Ինչպես ճշտել է տեղի RTE հեռուստաալիքը, ցույցեր տեղի կունենան Դուբլինում, Կորկեում, Սլայգոյում, Գոլուեում, ինչպես նաեւ Շանոն օդանավակայանի մոտ, որտեղ Սպիտակ տան ղեկավարը կժամանի օրվա երկրորդ կեսին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր ցույցով մենք ցանկանում ենք բողոք արտահայտել ընդդեմ Դոնալդ Թրամփի դիրքորոշման եւ նրա թունավոր քաղաքականության։ Նա արժանի չէ հյուրընկալության Իռլանդիայում»,- ասել է Stop Trum Ireland ցույցի կազմակերպիչ Մեմեթ Ուլուդաղը, որն սկսվել է չորեքշաբթի առավոտյան իռլանդական խորհրդարանի շենքի մոտ։ Պաստառները, մասնավորապես, դատապարտում են Վաշինգտոնի դիրքորոշումը կլիմայական օրակարգի, ինչպես նաեւ Մեքսիկայի եւ Պաղեստինի հարցերում։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցին կմասնակցի 4-6 հազար մարդ։ Օրվա երկրորդ կեսին կենտրոնական Դուբլինի մեկ այլ հրապարակում ցուցարարներն օդ կբարձրացնեն վեցմետրանոց փչովի տիկնիկ չարացած երեխա Թրամփի պատկերով, հագին՝ տակդիր։ Ավելի վաղ այդ փուչիկը քանիցս օգտագործվել է Լոնդոնի եւ Նյու Յորքի ցույցերի ժամանակ։
ԱՄՆ նախագահի ժամանումից առաջ Շանոն օդանավակայանի մոտ «քեմփինգ բողոքի ակցիա» կանցկացվի Shannonwatch կազմակերպության կողմից, որը երկար տարիներ դեմ է արտահայտվում ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռների տարանցիկ կանգառների համար այդ օդային տարածության օգտագործմանը, որոնք ռազմական բեռներ են առաքում Մերձավոր Արեւելքում զինվորականներին:
Ավելի վաղ ՀԿ ներկայացուցիչ Ջոն Լանոնն ասել էր, որ նրանց խաղաղասեր քեմփինգը ուրախ կլինի իր տարաքծում ընդունել իռլանդացիներին իրենց ընտանիքների հետ եւ բոլոր պայմանները կստեղծի նրանց 2-օրյա բնակության համար:
Մեկ այլ հկ՝ «Իռլանդիայի շրջակա միջավայրի ընկերներ» կազմակերպությունը նախատեսել է Դունբեգ քաղաք հասցնել 100 հազար իռլանդացիների սոտրագրությամբ պետիցիաներ, որոնք Թրամփին կոչ են անում հրաժարվել Trump International Golf Links and Hotel գոլֆ ակումբի տարածքում լանդշաֆտային աշխատանքներից:
Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող այս լյուքս հյուրանոցային համալիրը առաջիկա 2 օրերին կդառնա Սպիտակ տան ղեկավարի նստավայրը:
Ամերիկացի մագնատը այն գնել է 2014-ին 15 մլն եվրոյով եւ այնտեղ մասշտաբային վերակառուցում կատարել: 2017-ին ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Դունբեգում համալիրը փոխանցվել է նրա որդիների՝ Էրիկ եւ Դոնալդ կրտսերի սեփականությանը:





























