Մեքսիկայում եկեղեցու (մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում) ինքնահռչակ առաքյալ եւ առաջնորդը մեղադրվում է Կալիֆոռնիայում մարդկանց առեւտրի եւ երեխաներին բռնաբարելու մեջ, փոխանցում է AP-ն:

La Luz del Mundo եկեղեցին գլխավորող Նաասոն Խոակին Գարսիան եւ նրա հետեւորդը ձերբակալվել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում, հայտնել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քսավյե Բեսերի գրասենյակը: Ավելի ուշ ձերբակալվել է եւս մեկ հետեւորդ, իսկ մյուսը հետախուզման մեջ է:

50-ամյա Գարսիային 25 քրեական հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել՝ սկսած մարդկանց վաճառքից եւ մանկական պոռնոգրաֆիայի արտադրությունից մինչեւ անչափահասի բռնաբարություն: Նրա զոհերի թվում են 3 աղջիկ եւ մեկ կին:

Քրիստոնեական ֆունդամենտալիստական եկեղեցին, որի անունը նշվում է որպես «Աշխարհի լույս», հիմնադրվել է 1926 թվականին Գարսիայի պապի կողմից եւ ունի ավելի քան 1 մլն հետեւորդ:

Գարսիայի հայրը՝ Սեմյուել Խոակին Ֆլորեսը, ժամանակին ղեկավարել է եկեղեցին եւ նույնպես իրեն համարում էր Աստծո սուրհանդակ: Նախկինում նրան եւս մեղադրել են 1997-2004 թվականներին կատարած նույնպիսի չարաշահումների մեջ: Սակայն Մեքսիկայի իշխանությունները երբեք երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքներ չեն առաջադրել:

La Luz del Mundo-ի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ 58 երկրում կա ավելի քան 15 հազար եկեղեցի: Եկեղեցու հետեւորդները պետք է հետեւեն բարոյական խիստ կոդեքսի՝ հավեժական փրկության խոստման դիմաց:

Իշխանությունների խոսքով՝ Գարսիան զոհերին ստիպում էր սեռական ակտեր կատարել՝ հայտարարելով, որ եթե հրաժարվեն կխախտեն Աստծո կամքը: