Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ասել է, որ հրաժարականի որոշում կայացրել է հանուն երկրի կայունության։
«Իմ որոշումը, որն ընդունվել է այս տարի, ճիշտ, նորմալ որոշում է հանուն պետության կայունության, հանուն ապագայի, հանուն քաղաքականության հաջորդականության, որը ես վերջին 30 տարում իրականացրել եմ»,- ասել է Նազարբաեւը երկրի խորհրդարանի սենատի (վերին պալատի) լիագումար նիստում։
Նուրսուլթան Նազարբաեւը պատմել է տարբեր երկրների՝ լիազորությունները վայր դնելու իր որոշմանը ղեկավարների արձագանքի մասին, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։
«Երբ ես որոշեցի դադարեցնել լիազորություններս, պետությունների բոլոր ղեկավարներից նամակներ եւ հեռախոսազանգեր ստացա։ Ես ինքս էլ զարմացա, որ նման արձագանք եղավ։ Հենց արձագանքն այն բանի, որ մենք նորից բոլորին ցույց տվեցինք, թե ինչպես պետք է լուծել իշխանության փոխանցման հարցերը։ Այսինքն՝ ամեն ինչում ժողովրդական իմաստությունը պետք է երեւա»,- ասել է Նազարբաեւը։ Առաջին նախագահը նշել է, որ Ղազախստանի գլխավոր խնդիրը տեխնոլոգիապես եւ գիտության ոլորտում հետ չմնալն է մյուս երկրներից։
«Ես երախտագիտություն եմ հայտնում ձեզ։ Ես կգամ սենատ, կհայտնեմ իմ կարծիքը, եթե դրա կարիքը լինի, միասին կխորհրդակցենք»,- ավելացրել է Նուրսուլթան Նազարբաեւը։ Նա Ղազախստանի նախագահի լիազորությունները վայր է դրել մարտի 19-ին։
Ղազախստանը ղեկավարելով գրեթե 30 տարի՝ Նազարբաեւը նախագահի լիազորությունները վայր դրեց մարտին։ Պետության ղեկավար դարձավ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, որը մինչ այդ խորհրդարանի սենատի (վերին պալատի) նախագահն էր։ Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում տեղի կունենան հունիսի 9-ին։ Նախագահի թեկնածու է գրանցվել յոթ մարդ, այդ թվում Տոկաեւը։





























