Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման դեմ բողոքի եւ կալանքի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ գնդապետ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով): Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է հունիսի 4-ի երեկոյան մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը։ Նշենք, որ մինչ այս պահը «Մարտի 1–ի» 10 սպանությունների համար որևէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։