Հայաստանի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունների մասնագետների խումբը, որը գտնվում էր Ճապոնիայում, այս գիշեր վերադարձել է Հայաստան։ NEWS.am-ի թղթակցին այս մասին ասացին էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
«Պատվիրակությունը բաղկացած էր 5 հոգուց, նրանք Երեւան ՋԷԿ-ի ներկայացուցիչներ էին, ովքեր մասնակցում էին ջերմային գազատուրբինների վերաբերյալ փետրվարի 24-ից մարտի 12-ը Ճապոնիայում տեղի ունեցող տեխնիկական դասընթացներին»,- ճշգրտեցին նախարարությունում։
Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ ավելի վաղ ունեցած զրույցում Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել էր, որ հայ մասնագետների գործուղման ժամկետն ավարտվել է, եւ նրանք Օսակայից ժամանելու են Տոկիո, ապա Մոսկվայով վերադառնալու են Երեւան:
Նշենք նաեւ, որ Ճապոնիայում տեղի ունեցած 9 մագնիտուդով երկրաշարժը հզոր ցունամի էր առաջ բերել` 10 մետր բարձրությամբ ալիքներով:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք, օջախը՝ 24 կմ խորության տակ: Զոհերի թիվն անցել է 5 հազարից, հազարավորներն անհետ կորած են համարվում, տարհանվել է մոտ 550 հազար մարդ:




























