Նախագահի համահայկական ուղեւորության հիմնական նպատակն է հանդիպել եւ լսել հայկական սփյուռքի կարծիքները այնպիսի կարեւոր հարցի շուրջ, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքերով, նախագահն առաջին անգամ է նման «վերպետական», «համազգային» շրջագայություն կատարում, որի նպատակն է հանդիպել հայաշատ այն կենտրոնների ներկայացուցիչներին, որտեղ ձեւավորվում է հայկական սփյուռքի հանրային կարծիքը: Ուղեւորության շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով քաղաքներ:

Վ.Սարգսյանն ընդգծեց, որ այցելության շրջանակներում երկկողմանի քաղաքական հանդիպումներ չեն նախատեսվում: Նախագահը յուրաքանչյուր քաղաքում կանցկացնի մեկ օրից էլ պակաս ժամանակ, բացառությամբ Լոս-Անջելեսի, որտեղ բացի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից, կկայանա հանդիպում լրագրողների հետ Լոս-Անջելեսում գործող հայկական հեռուստատեսությունների համար:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը համահայկական մեկշաբաթյա ուղեւորության կմեկնի հոկտեմբերի 1-ին: Նախագահը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով քաղաքներ, եւ կլսի հայկական համայնքների ներկայացուցիչների դիրքորոշումները հայ-թուքրական հարաբերությունների կարգավորման ներկա փուլի մասին: Նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի հետ հանդիպմանը Սարգսյանը հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հասարակական-քաղաքական քննարկումների լուրջ փուլ է թեւակոխել, եւ լայն ձեւաչափը լավ հնարավորություն է բոլորի համար՝ ներկայացնել իրենց դիրքորոշումները, անկախ նրանից՝ կվավերացվեն այդ արձանագրությունները, թե՝ ոչ: Երկրի նախագահն ընդունեց փաստաթղթերում եւ ներքաղաքական քննարկումներում մտահոգիչ պահերի առկայությունը՝ որ պայմանավորված է նաեւ սահմանի այն կողմում գտնվող մշակույթի հայկական հուշարձանների, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդների պապենական օջախների գոյությամբ: