Համաձայն երկրաշարժերի երկարաժամկետ կանխատեսման՝ աշխարհի այս կամ այն կետում սպասվելիք հզորագույն ցնցումները հնարավոր է կանխատեսել դրանք տեղի ունենալուց դեռ 15-17 տարի առաջ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային  ծառայության գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը՝ անդրադառնալով փաստին, որ ռուս գիտնականների պնդմամբ իրենք Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած հզորագույն երկրաշարժի մասին իմացել են դեռեւս 1997 թվականին։

«Նախօրոք կանխորոշել երկրաշարժերն, իրոք, հնարավոր է, եւ դա չափազանցություն չէ։ Դեռեւս 1974-ին տպագրված գրքերում նույն ռուս գիտնականնները կանխատեսել էին, որ 80-ական թվականների վերջերին Հայաստանի հյուսիսում կարող է հզոր երկրաշարժ լինել։ Դա հենց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր»,- նշեց Թովմասյանը։

Հարցին, թե երկրաշարժերի երկարաժամկետ կանխատեսումների համաձայն՝ սպասվո՞ւմ են արդյոք նոր հզորագույն ցնցումներ Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում, սեյսմոլոգը պատասխանեց. «Գոնե ինձ նման կանխատեսումներ ծանոթ չեն՝ հատկապես մոտ ժամանակների համար։ Բացի այդ, տրանսկովկասյան սեյսմոակտիվ գոտում, որի Ալպհիմալայան հատվածում գտնվում է նաեւ Հայաստանը, ճապոնական երկրաշարժի նման հզոր ցնցումների պոտենցիալը հատուկ չէ։ Այս գոտին նման պոտենցիալ չունի»:

Նրա խոսքով, 9 եւ ավել մագնիտուդ հզորությամբ երկրաշարժեր տեղի են ունենում առավելապես խաղաղօվկիանոսյան օղակաձեւ գոտում։ «Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա մեր տարածաշրջանում կան խզվածքներ, որոնք մինչեւ 7,6 մագնիտուդ հզորուաթյամբ երկրաշարժերի պոտենցիալ ունեն, բայց դա ենթադրվող առավելագույն մեծությունն է»,- ամփոփեց սեյսմոլոգը։  

Նշենք, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաբանության եւ տեկտոնոֆիզիկայի խաղաղօվկիանոսյան ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Վալերի Աբրամովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը ռուս գիտնականները կանխատեսել էին դեռ 1997 թվականին»։