Թուքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը մտադիր են այս տարի նոր կուսակցության ձեւավորել, որը մրցակից կդառնա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Անցած կիրակի Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները դարձան ԱԶԿ-ի երկրորդ պարտությունն ու լուրջ անհաջողություն նախագահ Ռեջեփ Էրդողանի համար:

Տնտեսական ճգնաժամի, գործազրկության եւ ինֆլյացիայի ֆոնին ԱԶԿ-ն կորցնում է մարդկանց աջակցությունը, եւ հետագա ցանկացած էրոզիա կարող է լուրջ վնաս հասցնել կուսակցությանը:

«Բաբաջանն ու Գյուլը կուսակցություն կձեւավորեն աշնանը»,- ասել է Բաբաջանին մոտ կանգնած աղբյուրներից մեկը:

Աղբյուրը նշել է, որ նոր կուսակցության քաղաքականությունը կարտացոլի ԱԶԿ-ի գաղափարախոսությունը կուսակցության առաջին տարիներին: Երբ ԱԶԿ-ն 2001 թվականին նոր էր ձեւավորվում, այն միավորում էր իսլամիստական հայացքները արեւմտամետ, ժողովրդավական եւ լիբերալ մոտեցումների հետ:

Բաբաջանն ու Գյուլը դիտարկում են մոտ 6 ամսվա ընթացքում կուսակցության ստեղծումը, սակայն այդ գործընթացը նոր ազդակ ստացավ այն բանից հետո, երբ ԱԶԿ-ն կորցրեց Ստամբուլը:  

Աղբյուրը չի հստակեցրել, թե ինչպես կֆինանսավորվի կուսակցությունը, սակայն նշել է, որ դրա համար հանդիպումներ են անցկացվում նախկին ԱԶԿ-ականների եւ այլ քաղաքական գործիչների ու գիտնականների հետ:

Քաղաքական գործիչները չեն մեկնաբանել ծրագրերը, սակայն անցած ամիս Գյուլը քննադատել է ԱԶԿ-ին՝ Ստամբուլի կրկնակի ընտրությունների մասին որոշումը համեմատելով 2007թ. Սահմանադրական դատարանի՝ խորհրդարանականների թվի մեծացման մասին որոշման հետ, որն անհրաժեշտ էր նոր նախագահի հաստատման համար:

ԱԶԿ-ի կառավարման առաջին տարիներին Բաբաջանը զբաղեցնում էր տնտեսության եւ արտաքին գործերի նախարարի, ապա փոխվարչապետի պաշտոնը: Գյուլը նախագահ էր 2007-2014թթ.:

ԱԶԿ ներկայացուցիչը, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, ասել է, որ կուսակցությունը գիտեր մրցակցի ծրագրերի մասին:

«Բաբաջանն ուժեղ ֆիգուր է, նրան հարգում են: Իհարկե, կուսակցությունը գիտեր նրանց ծրագրերի մասին: ԱԶԿ-ն պետք է իր վրա վերցնի ընտրությունների արդյունքների պատասխանատվությունը»,- ասել է նա:  

Երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն բացահայտ քննադատել է կուսակցությանը՝ տնտեսական քաղաքականության, ԶԼՄ-ների սահմանափակման եւ թուրքական ինստիտուտներին հասցված վնասի համար: Սակայն, աղբյուրների խոսքով, Դավութօղլուն մտադիր չէ միանալ Գյուլին եւ Բաբաջանին: