Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքում միշտ էլ եղել է տեսախցիկ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ չի աշխատել, վերջերս նորոգել են: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությանը, թե նշված հասցեում Ստեփանակերտի քաղաքապետը մերթընդմերթ խոչընդոտում է ստորագրահավաքի օրինական անցկացմանը եւ տեսախցիկով հսկողության տակ է պահում ստորագրահավաքի ընթացքը:

Քաղաքապետն ասաց, որ քաղաքապետարանի շենքում շուրջ 120 կազմակերպություններ են աշխատում, շենքն ունի 2 մուտք, տեսախցիկը տեղադրվել է վաղուց: Սամվել Բաբայանի նախաձեռնող խմբին տրամադրվել է այդ շենքում մի սենյակ. «Ու դա իրենց հետ որեւէ կապ չունի: Մենք իրենց այդտեղ հատկացրել ենք սենյակ, որ աշխատեն, ինչի՞ համար պետք է դիտմամբ տանեինք, այնտեղ տեսախցիկ տեղադրեինք: Որտեղ որ ոստիկանը նստում է, նրա սենյակի ուղղությամբ է տեղադրված տեսախցիկը: Դա դրված է մուտքի ելքի համար: 21-րդ դարում չկա մի օբյեկտ, որ տեսախցիկի հսկողության տակ չլինի»:

Քաղաքապետը պատմեց նաեւ, որ իրեն այսօր զանգահարել է Սամվել Բաբայանի գրասենյակի ղեկավարը եւ հարցրել՝ արդյոք իր հրահանգով են վերականգնել տեսախցիկը. «Ես էլ ասացի՝ այո, իմ հրահանգով է եղել, սակայն իրենց հետ որեւէ կապ չի ունեցել: Ամեն անգամ իրենք ինչ-որ ավելորդ բան են ման գալիս: Եթե մենք ստորագրահավաքի համար դա վերականգնած լինեինք, այդ ստորագրահավաքը սկսվել է 25 օր առաջ, հիմա չէինք վերականգնի, այլ ստորագրահավաքից առաջ կանեինք դա: Դեմագոգությամբ են իրենք հիմա զբաղվում, այդտեղ որեւէ խնդիր չկա»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը այսօր հայտարություն է տարածել՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքում տեսախցիկի տեղադրումը համարելով սադրիչ գործողություն։