Ես որ եկել եմ ԵԿՄ նախագահ, զրուցել եմ բոլոր կառույցների հետ. այսօր 8-9 կառույց է միացել ու համագործակցում է ԵԿՄ-ի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Ես չեմ ասի՝ եկեք միացեք ԵԿՄ-ին, մենք համագործակցում ենք նրանց հետ, այդ թվում «Տիգրան Մեծ»-ի, աֆղանցիների հետ: Դրանից բացի հրավիրել եմ քառօրյա պատերազմի մասնակիցներին, երիտասարդներին, ասել եմ՝ եթե ուզում եք մինչեւ արտահերթ համագումար կարող ենք համագործակցել: Համաձայնել են: Հրանտ Սարկիսովը, որ քառօրյա պատերազմի մասնակից է, այսօր ԵԿՄ վարչության անդամ է»,-ասաց նա:
Հարցին, թե տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, որը պետք է լինի Հայաստանի անելիքը, Միքայելյանը պատասխանեց. «Այսօր խոշոր պետությունների վերադասավորում է տեղի ունենում, մենք լինելով փոքր պետություն, պետք է ավելի համախմբված ու պատրաստ լինենք»:





























