Հայաստանում դատարաններն անչափ ծանրաբեռնված են, եւ եթե քաղաքացիական դատավարություններով գործերի քննությունը մի քանի տարի է տեւում, ապա այդպիսի պայմաններում դժվար է խոսել դատական համակարգի որեւիցե արդյունավետության մասին: Հուլիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության քննարկման ժամանակ ասաց թափուր պաշտոնի թեկնածու Աննա Մարգարյանը, ում առաջադրել է իշխող «Իմ քայլը» դաշինքը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մտածել այլընտրանքային մեխանիզմների ներդրման մասին, որոնք թույլ կտային դատարանները բեռնաթափել: Մարգարյանը շեշտեց, որ Հայաստանում անհրաժեշտ է դատավորների վերապատրաստում կազմակերպել, որովհետեւ անչափ կարեւոր է գործընթացին նոր երիտասարդ կադրերի ներգրավումը:
«Դատարանի վերակազմավորման գործընթացին նրանց մասնակցությունը պետք է նշանակալի լինի: Այսօրվա դրությամբ մեզ անհրաժեշտ է դատական համակարգը համալրել նոր որակյալ կադրերով: Բաց մեկ այլ խնդիր է այն, թե արդյոք մեր երկրում համապատասխան կադրերը բավարա՞ր են եւ ընդհանրապես այսօր նրանց համար դատական համակարգն արդյոք գրավի՞չ է: Սա պակաս կարեւոր խնդիր չէ: Հայաստանի դատական համակարգը, ցավոք, անքան էլ գրավիչ չէ որակյալ կադրերի համար, որքան էլ մենք դա ցանկանայինք»,- նշեց թեկնածուն:





























