«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու Աննա Մարգարյանի թեկնածությանը, ում Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում որպես թեկնածու առաջադրել էր իշխող «Իմ քայլը» դաշինքը: Հուլիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը նախատեսել էր սեփական թեկնածուի առաջադրումը, սակայն դա տեղի չունեցավ, չնայած իշխող խորհրդարանական դաշինքի հետ բանակցություններին:

Ընդ որում՝ Գորգիսյանը նշեց, որ իրենք այդպես էլ լիարժեք պատասխան չեն ստացել հարցին, թե ինչ պատճառով իրենց կուսակցության առաջադրած թեկնածուները հավանություն չեն ստացել «Իմ քայլի» կողմից: Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելեց, որ շարունակվում է հին ավանդույթը, երբ խորհրդարանական մեծամասնությունը որպես անկախ մարմնի ներկայացուցիչ առաջադրում է այս կամ այն թեկնածուին:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր հերթին նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» առաջադրած թեկնածուները այդ ոլորտում աշխատանքի բավարար փորձ չունեին, ինչը պահանջվում է գործող օրենսդրության պահանջները եւ նորմերը պահպանելու համար: